ՄԻՊ-ն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելլերբերգին. քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր
ՀասարակությունՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 27-ին, ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպելլերբերգի գլխավորած պատվիրակությանը:
ՄԻՊ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է կառույցի գործունեության առաջնահերթությունները: Այս համատեքստում նա ընդգծել է երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի, իրավահավասարության ապահովման շուրջ աշխատանքները շարունակելու հաստատակամությունը:
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երասխում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին:
Անահիտ Մանասյանը պատգամավորի հետ քննակել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր:
Իր հերթին Մերլե Շպելլերբերգը պատրաստակամություն է հայտնել փոխգործակցել Պաշտպանի հետ մարդու իրավունքների ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով: