ՀՅԴ-ն նստացույցից ուղիղ տեսակապով Ստեփանակերտի հետ կքննարկի Արցախում տիրող իրավիճակը
ՀասարակությունԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց շարունակվող 24 ժամյա նստացույցի մասնակիցները այսօր 21։00-ին ուղիղ տեսակապ կհաստատեն Ստեփանակերտի հետ։ Այդ մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։․
«Նստացույցի մասնակիցների հետ կզրուցեն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը, նրանք կներկայացնեն Արցախում տիրող իրավիճակը։
Եթե դուք էլ ցանկանում եք շրջափակման մեջ գտնվող արցախցի պաշտոնյաներից ստանալ տեղեկատվություն, կարող եք ժամը 21։00-ին այցելել ստորև նշված հասցեներում նստացույցը շարունակող մեր հայրենակիցներին»,- գրել է նա։
ԱՄՆ (Ամերիկյան փող., 1 շենք)
ՌԴ (Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 13ա շենք)
Ֆրանսիայի (Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 8 շենք) դեսպանատների
ԵՄ ներկայացուցչության (Ֆրիկի փող., 21 շենք)
Հիշեցնենք՝ ՀՅԴ-ն երեքշաբթի վաղ առավոտից մեկօրյա նստացույցեր է իրականացնում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի և ԵՄ դեսպանությունների առջև՝ պահանջելով հասցեական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահանջելով ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը։