Պաշտպանի աջակցությամբ վերանայվել է քաղաքացու վարժական հավաքին մասնակցելու հարցը
ՀասարակությունՔաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով, որ վարժական հավաքին մասնակցելուց առաջ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման (զինկոմիսարիատ) բժշկական հանձնաժողովը պատշաճ չի ուսումնասիրել իր առողջական գանգատներն ու բժշկական փաստաթղթերը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Դիմումատուի տեղեկացմամբ՝ ունի մի շարք առողջական խնդիրներ, մինչդեռ զինկոմիսարիատում դրանք պատշաճ չեն հետազոտվել և գնահատվել: Սեփական միջոցներով կրկին անցել է բժշկական հետազոտություններ և փաստաթղթերը ներկայացրել, սակայն բժշկական հանձնաժողովը դրանք ևս պատշաճ չի ուսումնասիրել: Արդյունքում, պիտանի է ճանաչվել վարժական հավաքին մասնակցելու համար: Խնդրել է Պաշտպանի աջակցությունը բժշկական հանձնաժողովի եզրակացությունը վերանայելու հարցում:
Հարցը քննարկվել է զինկոմիսարիատի իրավասու ներկայացուցչի հետ, ինչի արդյունքում առողջական վիճակի վերաբերյալ գանգատներն ու բժշկական փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրվել են, և անձը ճանաչվել է ոչ պիտանի վարժական հավաքի համար:
Պաշտպանը կարևորում է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում լուծվում են քաղաքացիների բարձրացրած մի շարք խնդիրներ։