Փորձ է արվում լռեցնել արդարության համար պայքարող հայ մարդուն․ ՀՅԴ ՀԵՄ-ը՝ Տարոն Մանուկյանի մասին
ՀասարակությունՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել դատարանի՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Տարոն Մանուկյանին մեղավոր ճանաչելու որոշման վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև․
«Հունիսի 27-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում որոշում է կայացվել ապօրինի քրեական գործով մեղավոր ճանաչել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Տարոն Մանուկյանին և մի քանի այլ քաղաքացիների։
Գործը վերաբերում է Գլխավոր դատախազության դիմաց իրավապահ համակարգի ապօրինությունների դեմ տեղի ունեցած ցույցի ժամանակ հնչած վանկարկումներին, որոնք, առանց որևէ ապացույցի, վերագրվել էին տասը քաղաքացիների և դիտարկվել որպես խուլիգանություն։
Ցավալիորեն, այս իշխանության օրոք ապօրինի գործերը և վճիռները կրում են սովորական բնույթ։
Հերթական անգամ շինծու մեղադրանքներով փորձ է արվում վախեցնել և լռեցնել արդարության և հայրենիքի համար պայքարող հայ մարդուն։
Մենք դատապարտում ենք այս ապօրինությունը և վերահաստատում հայրենիքի համար պայքարի բոլոր ճակատներում առաջնագծում կանգնելու մեր վճռականությունը»։