Եռաբլուր զինվորական պանթեոնում հողին հանձնվեց ամերիկահայ անվանի բժիշկ Վարդգես Նաջարյանի մասունքը
ՀասարակությունԱյսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում հողին է հանձնվել ամերիկահայ անվանի բժիշկ, բարերար Վարդգես Նաջարյանի մասունքը, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը․
«Անուրանալի է մեծ բժշկի ավանդը հայ բժշկագիտության, մասնավորապես` օրթոպեդիայի զարգացման գործում: Նա միշտ Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է եղել: Անձամբ է կազմակերպել Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաների բուժումն ու պրոթեզավորումը ԱՄՆ-ում: Արցախյան պատերազմի ժամանակ բուժօգնություն է ցուցաբերել հենց մարտադաշտում ու խրամատներում:
Անվանի բժիշկը հիմնել և կահավորել է Ստեփանակերտի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքը, ինչպես նաև ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում հիմնադրել է վնասվածքաբանության և օրթոպեդիայի մասնագիտացված վիրաբուժական բաժանմունքը:
Նա տիկնոջ` բժշկուհի Մերի Նաջարյանի հետ Երևանում ստեղծել է առաջին «արթրոսկոպիկ վիրաբուժության համակարգը»:
Զորակցությունս եմ հայտնում բժիշկ Նաջարյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին»,- գրել է Առողջապահության նախարարը։