Իրանի փոխարտգործնախարարը Բաքվում է
ԱդրբեջանԻրանի փոխարտգործնախարար Ռեզա Նաջաֆին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
Նաջաֆին գլխավորել է իրանական պատվիրակությունը, որը կմասնակցի «Չմիավորման շարժման» անդամ երկրների ներկայացուցիչների համաժողովին` բարձրաստիճան փորձագետների մակարդակով։
Նշվում է, որ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նույնպես ծրագրում է անձամբ մասնակցել Բաքվում կայանալիք նախարարական համաժողովին։
Հունիսին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն իր օդանավակայաններում կդադարեցնի վիզաների տրամադրումը Իրանի քաղաքացիներին։ Իսկ հունիսի սկզբին Ադրբեջանը կոչ էր արել իր քաղաքացիներին չայցելել Իրան։
Մինչ այս Ադրբեջանի ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա էր հայտարարել Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի։
Մարտի 31-ին Ադրբեջանի իշխանությունները Իրանին մեղադրեցին սադրանքների մեջ։ Դրանք, ի թիվս այլ բաների, ներառում էին «Իրանի կողմից Ադրբեջանի սահմանների երկայնքով անցկացվող զորավարժությունները»: