«Հրապարակ». Ներկայացում-հայտ. Ինչպես է Հայկ Մարությանն ազդարարելու իր առաջադրման մասին
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու թիմը թեպետ չեն շտապում բացել փակագծերը, Իզաբելա Աբգարյանն էլ օրերս ասել է, որ Մարությանը դեռ վերջնական որոշում չունի ընտրություններին մասնակցելու մասով, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ նա ակտիվ աշխատում է՝ հանդիպումներ է ունենում, քննարկում, թե ինչպես վերադառնալ քաղաքականություն։ Մի տարբերակով հնարավոր է հուլիսի վերջին Երեւանում բացօթյա ներկայացում անի եւ այդ ժամանակ էլ հայտարարի առաջադրվելու մասին։ Իսկ թե որ կուսակցությամբ, թեպետ մամուլը գրել է Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանի» մասին, բայց դա դեռ վերջնական չէ։
Ի դեպ, տեղեկացանք, որ ամերիկյան հայտնի ընկերությունը նոր հարցումներ է արել, եւ պարզվել է, որ 20 տոկոսից պակաս ռեյտինգ ունի Տիգրան Ավինյանը (դա ադմինիստրատիվ ռեսուրսն է), հաջորդ տեղերում նշվածները 10-ից պակաս վարկանիշ ունեն եւ իրար շատ մոտ են․ երկրորդ տեղում Հայկոն է, երրորդում՝ Արման Թաթոյանը, չորրորդում՝ Արթուր Վանեցյանը, եթե, իհարկե, այս բոլորն առաջադրվեն»: