«Հրապարակ». Եկեղեցու հորդորը՝ հրաժարվել զիջողական կեցվածքներից
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Գերագույն հոգեւոր խորհուրդը երեկ, անդրադառնալով «Ադրբեջանի ռազմատենչ ու հայատյաց շարունակվող գործողություններին, Արցախի ամբողջական շրջափակման հետեւանքով առավել խորացող հումանիտար իրավիճակին Արցախում», հանդես եկավ հայտարարությամբ․
«Մեր հորդորն ենք ուղղում ՀՀ իշխանություններին՝ հրաժարվել զիջողական կեցվածքներից, դրսեւորել վճռականություն եւ մարդու հիմնարար իրավունքների համապարփակ կիրառմամբ ապահովել իրավիճակի այնպիսի հանգուցալուծում, որը երաշխիք կդառնա հայրենի հողի վրա Արցախի ժողովրդի անկախ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի։ Հորդորում ենք համայն մեր ժողովրդին ի Հայաստան եւ ի Սփյուռս՝ աննվազ հետեւողականությամբ շարունակել ջանքեր ներդնել՝ ի զորակցություն Արցախ աշխարհի եւ նրա հավատավոր ու հերոսական ժողովրդի: Թող Աստված օրհնի Հայաստան եւ Արցախ մեր երկիրը եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին»: