Դելֆինները հարձակվել են լողացողների վրա և կոտրել նրանց ոսկորները
ԱյլՃապոնիայի լողափերից մեկում ագրեսիվ դելֆինները հարձակվել են լողացողների վրա և կոտրել նրանց ոսկորները։ Այս մասին հայտնում է ճապոնական Asahi Shimbun թերթը։
Վաղ առավոտյան Ֆուկուի պրեֆեկտուրայի Միհամա գյուղում 60-ամյա տղամարդը և նրա ընկերը լողում էին ափից հինգ մետր հեռավորության վրա։ Հանկարծ դելֆինը հարձակվել է տարեց ճապոնացու վրա։ Ծովային կաթնասունի հետ առճակատման արդյունքում ճապոնացին կողերի երեք-չորս կոտրվածք է ստացել, ինչպես նաև վնասվածքներ՝ ձեռքերին։ Ականատեսները դեպքի մասին հայտնել են ոստիկանությանը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նույն օրը Միհամայում դելֆինը կծել է 40-ամյա հանգստացողի։
Սեզոնի սկզբից լողափում արդեն գրանցվել է դելֆինների կողմից վեց հարձակում։ Տեղի իշխանությունները կոչ են արել լողափի այցելուներին հեռու մնալ դելֆիններից՝ իրենց իսկ անվտանգության համար: