«Ժողովուրդ». Շուտով նոր հրամանատարներ կկալանավորվեն
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ուրբաթ օրը հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին հովանավորչություն կատարելու համար նրանից պահանջել է ընդհանուր 19 մլն 500 հազար ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը ստացել է:
Ու պարզվում է՝ սա միակ դեպքը չէ, որ բացահայտված է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ քննչական այս մարմինը նաեւ մի շղթա է բացահայտել ՀՀ պաշտպանության նախարարությունում, երբ շատ հրամանատարներ գումարի դիմաց զինվորների տեղափոխություններ են իրականացրել, ինչի համար հայտնվել են իրավապահների թիրախում:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն Արարատի մարզում բացահայտվել է այսպիսի շղթա: Շուտով էլի հրամանատարներ են կալանավորվելու»: