«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է գրական, մշակութային միջոցառում
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնագործ մշակութային միավորման նախագահ, ցմահ դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել է գրական միջոցառում՝ ազգային հերոս Անդրանիկ Զորավարին նվիրված։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
Ցերեկույթի շրջանակներում ներկայացվել և քննարկվել է «Զորավար Անդրանիկ» գիրքը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև գրքի հեղինակ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրականագետ Կարապետ Վարդանյանը, մասնակցել է շուրջ երկու տասնյակ դատապարտյալ։
Հյուրին ողջունել և բացման խոսքով հանդես է եկել հիմնարկի պետի տեղակալ Հայրապետ Անանյանը՝ շնորհակալություն հայտնելով գրողին իր ներկայությամբ դատապարտյալներին ոգևորելու համար և կարևորելով վերասոցիալականացման ու անձի մոտ դրական վարքագծի ձևավորման գործընթացը նման միջոցառումների շնորհիվ։
Խոսքով հանդես է եկել նաև Կարապետ Վարդանյանը, որն հանգամանալից ներկայացրել է գրքի ստեղծման պատմությունը, նպատակը և բովանդակությունը՝ ընթերցելով նաև մի հատված իր հեղինակած գրքից։
Միջոցառումն ավարտվել է ներկաների և հեղինակի միջև ընթացող առողջ և ակտիվ քննարկմամբ, հարցուպատասխանով։