Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Գյումրիում Լոզանի կառավարման դպրոցի մասնաճյուղ հիմնելու ծրագիրը
ՀասարակությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վահե Գաբրաշին և ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանին:
Վերջիններս վարչապետին են ներկայացրել Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղ հիմնելու ծրագրերն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և հայտնել Կառավարության աջակցությունը՝ ծրագիրն արդյունավետ կերպով կյանքի կոչելու գործում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ գործադիրը լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում կրթության ոլորտում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ բովանդակային ենթակառուցվածքների բարելավման նպատակով:
Կադրային բազայի համալրման նպատակով էլ նախաձեռնվել է ուսուցիչների ատեստավորման գործընթացը, ինչի արդյունքում էականորեն բարձրացվում են նաև աշխատավարձերը, միաժամանակ սկսվել են Ակադեմիական քաղաքի նախագծման աշխատանքները:
Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղի հիմնումը վարչապետը կարևորել է որակյալ մասնագիտական կրթություն ապահովելու և կարողությունները զարգացնելու տեսանկյունից:
Վահե Գաբրաշը և Վազգեն Յակուբյանը շնորհակալություն են հայտնել աջակցության համար ու մանրամասներ ներկայացրել ծրագրի իրականացման հետագա ընթացքի վերաբերյալ: