ԵՄ-ի քաղաքական ծրագիրը Արցախը դատարկելն է․ քաղաքագետ
Հասարակություն«ԵՄ-ի քաղաքական ծրագիրն այն է, որ Արցախը դատարկվի»,-այդ մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով այսօր Երևանում ի պաշտպանություն Արցախի ակցիային, որտեղ ակցիայի մասնակիցները Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց պահանջել են քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ադրբեջանական շրջափակումը վերացնելու և Բաքվի գործողությունները դատապարտելու համար։
«Ինչո՞ւ գոնե մեկ պատժամիջոց չեք սահմանում Ադրբեջանի դեմ»,-այս պահանջն են հղել ցույցի մասնակիցները ԵՄ-ին։
«Իհարկե կարող են պատժամիջոցներ սահմանել, բայց, ես կարծում եմ՝ հարցադրումը ճիշտ չէ․ իրենց պետք է ասեն կամ պատժամիջոցներ սահմանեք, կամ թողեք այստեղից գնագեք, ձեր գրասենյակն էլ հանեք այստեղից, եթե այդ հարցում պատժամիջոց չեք կիրառում, ապա ԵՄ-ի գրասենյակ Հայաստանին պետք չէ»,- ասաց Ստեփան Դանիելյանը։
Քաղաքագետի խոսքով` մենք կառավարություն չունենք, մեր կառավարությունը Հայաստանի շահերից չի շարժվում, մենք այն տրամաբանության մեջ պետք է մտնենք, որ արդեն պետականությունը կորցրած ժողովուրդ ենք, մեր պահանջը այս պարագայում հետևյալը պետք է լինի` վարչապետի հրաժարականը և ԵՄ-ին պահանջ` եթե դուք այս գործով չեք զբաղվում ձեր գոյությունը անիմաստ է այստեղ․
«Կարծում եմ՝ այդ դեպքում ավելի շատ կունենանք դրական արդյունք, քան եթե այլ բան պահանջենք»,-նշեց նա։
Լիլիթ Զալիբեկյան