Քաղաքացիները պետության ֆինանսավորմամբ կարող են սահմանամերձ գյուղերում կառուցել իրենց սեփական տունը
ՀասարակությունԿառավարությունը հաստատել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Ըստ այդմ՝ վերանայվել են ծրագրի այն պայմանները, որոնց առկայությունը հանգեցնում էր գործընկեր կազմակերպությունների կողմից հիփոթեքային վարկավորման ժամանակ լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման պահանջի կիրառմանը, ինչպես նաև հստակեցվել են ծրագրում կիրառված որոշ ձևակերպումները։
Նշված ծրագրի շրջանակում քաղաքացիները կարող են սահմանամերձ գյուղական բնակավայրերում կառուցել իրենց սեփական տունը՝ պետության ֆինանսավորմամբ։
Միջոցառման շահառուներն են՝ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում գրանցված ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (առանց տարիքային սահմանափակման և անկախ երեխա ունենալու հանգամանքից)։