Ադրբեջանի կողմից անցակետից այսօր առևանգված ԼՂ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրն անհայտ է
ՀասարակությունԱդրբեջանն ամեն օր հրաժարվում է իր իսկ ստեղծած կեղծ պատմություններից՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցության մեջ ապրելու պատրաստակամության հետ:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժօգնության էր տեղափոխվում Հայաստան՝ առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ։
Խաչատրյանի ոչ հարազատները, ոչ ԿԽՄԿ ներկայացուցիչները, ոչ էլ ռուս խաղաղապահները տեղյակ չեն Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրի մասին։
Նրա ճակատագիրը այս պահի դրությամբ անհայտ է»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն արգելանքի էր վերցրել բուժման նպատակով Կարմիր Խաչի միջոցով այսօր ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող արցախի 68-ամյա քաղաքացուն։