Երեւանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենը հանդիպել է Բասկերի երկրի կապի ցանցի խոշորագույն օպերատորի ղեկավարների հետ
ՀասարակությունԻսպանիայում շարունակվում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի աշխատանքային այցը։
Մետրոպոլիտենից հայտնում են, որ այցի ընթացքում Բաբկեն Սեդրակյանը հանդիպում է ունեցել Բասկերի երկրի, տարածաշրջանային կապի ցանցի խոշորագույն օպերատոր «Իտելազպի» ընկերության տնօրինության հետ։
Ընկերությունն ապահովում է Բիլբաոյի մետրոպոլիտենի կապի և ենթակառուցվածքների, տրանսպորտի և կապի օբյեկտների, տեղեկատվայնացման, տեղեկատվական անվտանգության բարձր որակն ու դրանով իսկ լուծում անվտանգային մի շարք հարցեր ու խնդիրներ։
Շնորհակալություն հայտնելով հանդիպումը ջերմ և անմիջական մթնոլորտում կազմակերպելու համար Բաբկեն Սեդրակյանը նշել է, որ այցը թեև ճանաչողական էր, սակայն գործընկերների հետ արդեն հասցրել են հստակեցնել փոխգործակցության հարցերի շրջանակը:
Նրա խոսքով՝ կողմերի միջև առկա է փոխադարձ պատրաստակամություն՝ բարձր մակարդակով շարունակելու համատեղ աշխատանքը օրինակելի փորձը կիրառելու նաև Երևանի մետրոպոլիտենում։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ կապ պահպանել մեկնարկած քննարկումները շարունակելու և գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։