Ցուցարարները պատրաստվում են փակել Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները
ՀասարակությունԻնչպես ավելի վաղ հայտնել ենք, պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով քայլեր ձեռնարկել դեպի Արցախ ճանապարհը բացելու համար և զինել իրենց այդ հարցը լուծելու համար։
Կառավարությունից նրանց հանդիպման հրավիրեցին, որից հետո «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը հայտարարեց․ «Պաշտոնյայի հետ չեմ խոսել, բայց ում հետ զրուցել ենք, կարող է մեր խոսքը հասցնել։ Մինչև ժամը 18։00-ը, եթե սնունդը չմտնի Արցախ, ճանապարհը չբացվի, մենք կբացենք այդ ճանապարհը։ Հիմա ոչ մեկի հետ չեմ էլ ուզում հանդիպել, եթե մինչև 18։00 սնունդ չմտավ Արցախ, մենք կգնանք Արցախ»։
Մոտ 18:30-ին Սարգիս Պողոսյանը հայտարարեց, որ «մի քիչ հովն ընկնելուց հետո» Կոռնիձոր են շարժվելու։
Պողոսյանը նշեց, որ ցանկանում են փակել Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները․ «Թող միանան մեզի, որ հասկանանք՝ քանի հոգով ենք շարժվում առաջ»։
Նրա խոսքով՝ փողոցը փակում են վարորդների դեմքին նայելու և հասկանալու համար՝ նրանք հայ են, թե ոչ։ Սարգիս Պողոսյանը կոչ արեց ավտոբուսներ ուղարկել հրապարակ՝ իրենց Կոռնիձոր տանելու համար։