Աննա Վարդապետյանը Հաագայում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազի հետ
ԻրավունքԳլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում 2024 թվականի մարտի 5-ին Հաագայում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանին:
Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը՝ 19-րդ պետությունը Արևելյան Եվրոպայի խմբից։
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Քարիմ Խանին հանդիպման պատրաստակամության համար և ընդգծել, որ հանդիպումը կնպաստի Միջազգային քրեական դատարանի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելուն, ներպետական ընթացակարգերի վերանայմանն ու դրանք Ստատուտի դրույթներին համապատասխանեցնելուն:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ»: