Սլովենիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
ՔաղաքականՄարտի 6-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության դեսպան Մատեյա Պրեվոլշեկին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ նա իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքեր՝ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-սլովենական քաղաքական երկխոսության խորացմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ Հայաստանի գործընկերության շրջանակներում իրականացվող քայլերին։
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգությունները զսպելու համատեքստում: