Հայաստանի ղեկավարությունը անում է այն, ինչի մասին մենք նախազգուշացնում էինք․ Զատուլին
Արտաքին ՔաղաքականՀայաստանը շարունակում է խզել քաղաքական և ռազմական կապերը Ռուսաստանի հետ, ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Այսպես է նա «Gazeta.ru»–ի հետ զրույցում գնահատել Երևանի պահանջը՝ դադարեցնել ռուս սահմանապահների ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում։ Զատուլինի խոսքով՝ միակ բանը, որից չի ցանկանա հրաժարվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տնտեսական և առևտրային հարաբերություններն են։
««Զվարթնոցում» ռուս սահմանապահների ծառայությունը դադարեցնելու պահանջը նշանակում է այն կուրսի շարունակություն, որը Փաշինյանը վարում է իշխանության գալուց ի վեր։ Այս ընթացքն առայժմ կարելի էր կանխատեսել։ Օրինակ, մենք երբեք չէինք կասկածում, որ նա իրեն այդպես կպահի»,- ասել է Զատուլինը։
Ռուս պատգամավորը կարծում է, որ Հայաստանին ձեռնտու կլինի Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների պահպանումը, այդ թվում՝ ռելոկանտների պատճառով։
«Խոսքը Ռուսաստանի հետ հարաբերությունները ցանկացած պատրվակով խզելու մասին է՝ Արեւմուտքին հաճոյանալու համար։ Բայց Փաշինյանը կառչած կմնա Ռուսաստանի հետ տնտեսական կապերի հնարավորությունից, քանի որ հատուկ ռազմական գործողության, ռելոկանտների և նոր իրավիճակի շնորհիվ Հայաստանը դարձել է Ռուսաստանի հետ առևտրի կենտրոններից մեկը»,- նշել է Զատուլինը։