Ֆինանսների նախարարն ու Նիդերլանդների դեսպանն անդրադարձել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
ՔաղաքականՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսի հետ:
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ կարևորվել է երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված փորձի փոխանակման և կարողությունների զարգացման վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ընթացող համագործակցությունը:
Նախարարը բարձր է գնահատել հոլանդական կողմի առանձնահատուկ մոտեցումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծմանն աջակցելուն, նաև ընդգծել է այդ ուղղությամբ կողմերի միջև համագործակցության շարունակականության կարևորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ Երևանում մայիսի 14-16-ը կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը: