Մարուքյանը հայտնել է, թե ինչու է հրաժարական տվել և ինչի շուրջ է անհամաձայնություն ունեցել Փաշինյանի հետ (տեսանյութ)
ՔաղաքականՀայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձ է կատարել պաշտոնից հրաժարական տալու պատճառներին:
Նա նշել է, որ հատուկ հանձնարարություններով դեսպան դառնալու առաջարկն ստացել է այն ժամանակ, երբ եռում էր ռուս-ուկրաինական պատերազմն ու սկսվել էր հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։
«Այդ ժամանակ գոյություն ունեին ՀՀ կողմից գծված կարմիր գծեր, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության միջազգային մեխանիզմի ներքո երաշխավորումը, այսինքն՝ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչում են միմյանց։ Հայաստանը չի պահանջում Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ փոխարենը միջազգային իրավունքի ներքո ստանում է հայերի անվտանգության երաշխավորությունը։ Այս մասին հայտարարությունը հնչում է Պրահայում՝ փաթեթի համաձայն, սակայն վերոնշյալ հայտարարությունից որոշ ժամանակ հետո Ադրբեջանը չի հայտարարում ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Ավելին՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտում, ինչը փլուզել է վերոնշյալ ծրագիրը»,- ասել է Մարուքյանը։
Նա նշել է, որ պաշտոնից ազատվել է մի քանի պատճառով, որոնցից մեկը եղել է ՀՀ նոր Սահմանադրության ու Անկախության հռչակագրի շուրջ անհամաձայնությունը։
«Ե՛վ խորհրդում, և՛ վարչապետի հետ մեր առանձին խոսակցությունում ասել եմ, որ դեմ եմ Սահմանադրության նշված ձևաչափով փոփոխությանը, անգամ եթե դա մեր ներքին օրակարգն է։ Ես դեմ եմ պետականության հիմքերը վերանայելուն»,– ասել է նա՝ նշելով, որ դա եղել վերջին անհամաձայնությունը գործընկերների հետ։