Գիշերը վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարը ժայռաբեկորների թափման, Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։
«Գիշերը վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը։ Թեպետ գիշերվանից ՎեոլիաԹիմը վթարի վայրում է, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտեւի մի քանի օր։ Դա նշանակում է, որ ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի խախտումներով։
Մեր մասնագետներն արդեն մշակում են Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ, որպեսզի հնարավորինս մեղմվի «Արզնի 2» ջրատարից սնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը։
Հետևեք մեր էջին, վթարի վերացման ընթացքի մասին պարբերաբար կտեղեկանացնենք։
Նշենք, որ մինչ այժմ Վեոլիա Ջուր ընկերությունը մշտապես ջրատարի տարբեր հատվածներում իրականացրել է վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ՝ խնդիրը մեղմելու համար և պարբերաբար դիմել է պատկան մարմիններին, տեղյակ պահել խնդրի մասին՝ ակնկալելով, որ նրանք կլուծեն Հրազդան գետի հունի լայնացման և սողքի կանխման խնդիրները»,-նշված է հաղորդագրության մեջ։