Հանրահավաքներին եկածների մեծ մասը խոստովանում են՝ Փաշինյանին ընտրել են և հիմա փոշմանել են․ Հրանտ Բագրատյան
ՔաղաքականՄարտի 13-ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքի առնչությամբ այսօր «Միասին» շարժման անդամները ասուլիս էին հրավիրել։ Նրանց պահանջը ՀՀ ներկայիս իշխանության հեռացումն է։
Իր խոսքում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց․
«Ժողովուրդը պիտի գա, միանա մեզ, որովհետև Փաշինյանն ասում էր՝ ժողովրդի կողմից ընտրված վարչապետ է, ո՞նց ես ընտրված, դու ասում էիր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ հետո հակառակն արեցիր․ դու խաբել ես։
Մեր նախորդ հանրահավաքներին եկածների մեծ մասը խոստովանում են, որ Փաշինյանին ընտրել են և հիմա փոշմանել են, ու դա մարդկանց 95 տոկոսն է առնվազն»,- նման համոզմամբ հանդես եկավ Բագրատյանն ու հավելեց՝ իրենք բաց հարթակ են բոլոր ընդդիմադիր ուժերի համար, նաև վստահեցրեց ու հույս հայտնեց՝ հզոր միավորում կկայանա, ժողովուրդը օրեցօր կհավաքվի։
ՀՀ նախկին վարչապետը իր ելույթի ընթացքում նաև նման պնդում արեց․
«Ինչպես Արցախն էր բլոկադայի մեջ, տենց էլ Հայաստանն է լինելու, սա չտեսնելու համար պետք է կույր լինել։ Մենք ինչի՞ համար ենք քաղաքական գործիչ, որ սա բացատրենք ժողովրդին»,- նշեց նա։