Մարուքյանը համարվում էր Նիկոլ Փաշինյանի ենթական, ասում էր՝ ճիշտ ճանապարհի վրա ենք․ Վաղարշակ Հակոբյան
ՔաղաքականՏարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր Ազգային ժողովում պատասխանել է լրագրողների հարցերին։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հրաժարականին՝ արտաքին քաղաքականությունում տարաձայնություններ ունենալու պատճառաբանությամբ․
«Հա՞, լու՞րջ, Էդմոն Մարուքյանի լայվերին չեմ հետևում ճիշտն ասած, պետքա շատ լուրջ վերլուծել, նոր գնահատականներ տալ։ Առնվազն ես չգիտեի մինչև այս պահը, որևէ տարաձայնության մասին։ Էդմոն Մարուքյանը համարվում էր Նիկոլ Փաշինյանի ենթական, եթե չեմ սխալվում, չէ՞, որևէ տարաձայնության մասին վարչապետի և Մարուքյանի միջև չէի իմանում, ձեզնից լսեցի»,- նման կերպ արձագանքեց ՔՊ-ական պատգամավորն ու իր խոսքը շարունակելով՝ հավելեց․
«Նրա՝ պաշտոնի նշանակվելուց հետո, ես որևէ քննադատական խոսք չեմ հիշում, միշտ տենց գոհունակությամբ հարցազրույցներ եմ հիշում, ասում էր՝ ճիշտ ճանապարհի վրա ենք, միգուցե հետո բա՞ն է փոխվել։ Վարչապետի ենթակայության ներքո աշխատել էր մի քանի տարի, կարծում եմ՝ կատարել էր Փաշինյանի հանձնարարականները և հրամանները, ես չէի լսել տարաձայնության մասին»,- վստահեցրեց նա։
Ըստ Հակոբյանի, եթե երեք տարի հետո է Մարուքյանը հասկացել այդ ամենը, ուրեմն դա քաղաքական գործունեության նոր մեկնարկ է․
«Միգուցե Մարուքյանը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին, ես շատ նորմալ եմ սա գնահատում»,- ավելացրեց պատգամավորը։