Ձևավորելու ենք նոր իշխանություն, որը կանի էն, ինչ ասում էր 2018-ին․ ճանապարհին ենք․ Մարության
ՔաղաքականԱյսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց տրանսպորտի թանկացումների դեմ բողոքի ակցիա էր ընթանում։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Մասնավորապես, նա իր խոսքում հիշեցրել է՝ 2013 թվականին ներկայիս իշխանության ներկայացուցիչներից շատերը ևս պայքարում էին հանրային տրանսպորտի թանկացումների դեմ։
Նա իր խոսքում հորդորեց այժմյան քաղաքային իշխանություններին թանկացումների ծրագրի ուղղությամբ ջանք, ժամանակ և ծախս չանել, որովհետև իր պնդմամբ՝ չի ստացվելու․
«Ավելի լավ է՝ այսօրվանից մտածեք մեր առաջարկի մասին․ լինելու է միասնական տոմս, մարդը քարտի վրա որքան ցանկանում է գումար է լիցքավորելու, և ամեն հպումով իր քարտից գնալու է 100 դրամ։ Սա է մեր վերջնագիրը՝ կապված ակցիաների հետ, որոնք լինելու են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին»,- տեղեկացրեց նա։
Մարությանը նաև անդրադարձ կատարեց ՀՀ ներկայիս իշխանություններին հեռացնելու մասին լրագրողների հարցերին․
«Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ որոշումների․ մենք մասնակցելու ենք ընտրություններին, ընտրություններով հանելու ենք այս իշխանություններին, ձևավորելու ենք նոր իշխանություն, որը իրականում կանի էն, ինչ ասում էր 2018 թվականին։ Պրոցեսը հեշտ չի, ինչ-որ ժամանակ պետք է տանի, բնականաբար, մենք ճանապարհին ենք»,- նման համոզմունք հայտնեց Երևանի նախկին քաղաքապետը։