Վարչապետը չի բացառում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման փուլին ՀՀ-ն և Ադրբեջանը հրաժարվեն միջպետական գանգատներից
ՔաղաքականՀայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքում քննարկվել է և քննարկվում է միջազգային ատյաններում երկուստեք միջպետական գանգատներից հրաժարվելու հարցը։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի օրակարգում կա՞ միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց։
«Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է. դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ, ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված կլինեն և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ կլինեն ստորագրել։ Եվ դա տրամաբանական է, որովհետև երկու կողմերը ստորագրում են պայմանագիր՝ ի՞նչի են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ։ Իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության համար դա մի գործոն է, որը կարևոր է նաև մեր ասելիքը և օրակարգը առաջ մղելու համար»,-ընդգծեց վարչապետը։
Փաշինյանը չի բացառում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման փուլին Հայաստանը և Ադրբեջանը հրաժարվեն միջպետական գանգատներից:
«Եթե խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ գալիս ենք համաձայնության և հասնում ենք ստորագրման փուլին, չեմ բացառում և նույնիսկ տրամաբանական կհամարեմ երկուստեք նաև նման լուծման գնալ»,-եզրափակեց վարչապետը։