Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը 2024 թվականին կպահպանվի․ ԱՄՆ հետախուզություն
Արտաքին ՔաղաքականՀայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կպահպանվի 2024 թվականին՝ չնայած Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Բաքվի վերահսկողությանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության կողմից պատրաստված ամենամյա սպառնալիքների գնահատման մեջ։
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կորուստը փոքր-ինչ նվազեցրեց անկայունության մակարդակը, սակայն ամբողջությամբ չի վերացրել ռիսկերը։
Նոր հակամարտության հավանականությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ խաղաղության պայմանագրի բացակայությունը, երկու երկրների ԶՈւ դիրքերի մոտիկ տեղակայումը, հրադադարի մոնիտորինգի մեխանիզմի բացակայությունը և ռազմական ուժ կիրառելու Բաքվի պատրաստակամությունը:
Ըստ ԱՄՆ-ի՝ Ադրբեջանը շարունակելու է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ իր նպատակներին հասնելու համար, մասնավորապես, Բաքուն ձգտում է դեպի Նախիջևան արտատարածքային միջանցք ձեռք բերել, ինչը նույնպես մեծացնում է զինված հակամարտության վտանգը։