Այս պահին ստորագրահավաք է ընթանում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան «ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելու և տեղափոխվելու որոշման դեմ։ Օպերային թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ստեղծված իրավիճակը։ Մասնավորապես, նա նշեց՝ շատ է կարևորում, որպեսզի Կոնսերվատորիան լինի քաղաքի Կենտրոնում․
«Սա մի կոմպլեքս է՝ Օպերային թատրոնը, Ֆիլհարմոնիան, Սայաթ Նովայի երաժշտական դպրոցը և Կոնսերվատորիան։ Ուսանողները և դասախոսական կազմը սովոր են, որ իրենք կարող են տվյալ պահին աշխատել Կոնսերվատորիայում և նաև կարողանում են ելույթ ունենալ՝ նվագել, երգել մյուս տեղերում։ Պետք է լինի այնպես, ինչպես աշխարհի լավագույն Կոնսերվատորիաները, որոնք գտնվում են մայրաքաղաքի կենտրոններում»,- վստահեցրեց Տիգրանյանն ու հավելեց, երբ երաժիշտները ոտքի են կանգնում՝ վստահ է, որ ԿԳՄՍ նախարարությունը լսում է արտիստներին․
«Նույնը ժամանակին եղավ Օպերային թատրոնում և այդ դժվարին օրերը հաղթահարվեցին»,- ավելացրեց օպերային երգիչը։