Գյուղերի հանձնման դեպքում Վրաստան գնացող ճանապարհը հայտնվելու է Ադրբեջանի թիրախում․ Արթուր Խաչատրյան
ՔաղաքականԱյսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը անդրադարձել է նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հիմնական ուղերձներին։ Մասնավորապես, նա խոսել է Տավուշի մարզի 4 գյուղեր Ադրբեջանին հանձնելու մասին․
«Ինչպես ադրբեջանական բոլոր պահանջների առջև, այս պահանջի առջև Փաշինյանը նույնպես ընկրկելու է։ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել էր, որ 4 գյուղերի հետ կապված իրենք խնդիր չունեն, իսկ մնացած գյուղերի հարցը կլուծվի սահմանազատման և սահմագծման գործընթացում։
Եվ բնական հարց է առաջանում՝ այդ դեպքում, եթե ամբողջ տարածքում են իրենք ուզում սահամանզատում, սահմանագծում անցկացնել, դե թող այդ ամբողջ հարցը՝ 4 գյուղերի հետ միասին, կոմպլեքս լուծվի՝ սահմանազատման, սահմանագծման գործընթացքում»,- նշեց պատգամավորն ու իր տեսակետը ներկայացնելով վստահեցրեց, որ եթե ՀՀ իշխանությունը հանձնի այդ հատվածը, Հայաստանի ամբողջ հյուսիս-արևելքը խոցելի է լինելու, իսկ Ադրբեջանի բանակցային հզորությունը՝ շատ ավելի մեծ։
Ըստ Խաչատրյանի՝ Վրաստան գնացող ճանապարհը ևս հայտնվելու է ադրբեջանական թիրախում․
«Ադրբեջանական մխրճումները ռազմավարական նշանակություն ունեցող կետերում են տեղի ունեցել։ Դրանք բարձունքներ են, որոնք վերահսկում են ճանապարհները, որոնցից շատ հեշտ է Հայաստանը, օրինակ՝ մեջտեղից կիսել, հարավը հյուսիսից ամբողջովին կտրել»,- նման դիտարկում արեց ընդդիմադիր պատգամավորն ու արձագանքեց նաև այն հարցին՝ ինչու՞ է Փաշինյանը հղում անում Խորհրդային ժամանակաշրջանի սահմաններին․
«Փաշինյանը երևի միակ հայն է, որը պատրաստ է բոլշևիկների գծած սահմանը մարմնով պաշտպանել»,- պատասխանեց նա։