Տավուշի 4 գյուղերը մեր վարչատարածքային բաժանման մեջ չեն գտնվում․ Գնել Սանոսյան
ՔաղաքականԱյսօր ճեպազրույցի ընթացքում լրագրողների հարցերին է պատասխանել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Մասնավորապես, հարցին՝ Տավուշի մարզում գտնվող 4 գյուղերը, որոնք հնարավոր է՝ հանձնվեն Ադրբեջանին, Հայաստանի վարչատարածքային բաժանման մե՞ջ են, Սանոսյանն արձագանքել է․
«Ոչ։ Ասում եմ՝ վարչապետը երեկ չորս ժամ մանրամասն խոսել է, ամեն ինչ ասվել է, ամեն ինչ լսել եք»,- ասաց նա ու թեմայի վերաբերյալ մյուս հարցերին անդրադառնալով՝ նշեց․
«Կան սահմանազատման հանձնաժողովներ, որոնք ինչ-որ քարտեզ կվերցնեն՝ որպես իրավական հիմք, այդ քարտեզով կաշխատեն, սահմանագիծը կդնեն, որից այս կողմ և այն կողմ կպարզվի՝ ո՞րն է Հայաստանը, ո՞րն է Ադրբեջանը»։
Դիտարկմանը՝ արդյո՞ք Հայաստանը պահանջում է Ադրբեջանից վերադարձնել 31 հայկական գյուղերը, նախարարը դրական պատասխան տվեց ու ավելացրեց.
«Դրանք 31 գյուղեր չեն, դրանք 31 գյուղերի ինչ-որ տարածքներ են։ Դրանք շատ տարբեր բաներ են»։