Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
ՔաղաքականԵրևանի և Թբիլիսիի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հանդիպման ժամանակ:
Կողմերը բարձր են գնահատել երկու մայրաքաղաքների միջև հաստատված փոխգործակցությունը, իրականացվող փորձի փոխանակման ծրագրերն ու ընդգծել, որ առկա է մեծ ներուժ՝ նոր ուղղություններ ու ոլորտներ ընդգրկելու համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Գիորգի Շարվաշիձեն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի խորացման բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին: