Մեկ էլ հոպ, երկու օրում գնացին ու լուծարեցին իրանց հռչակած ԼՂՀ-ն․ մենք չենք դրա մեղավորը․ Արարատ Միրզոյան
Քաղաքական«Ախր փաստերն ակնհայտ են․ այն պահին, երբ ՀՀ Կառավարությունը կոչ էր անում աշխատել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պահպանման ուղղությամբ, այդ պահին այնտեղ ընդունում էին բանաձեր զանազան տարածքների մասին։ Մեկ էլ հոպ, երկու օրում գնացին ու լուծարեցին իրանց հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում։ Թեմայի վերաբերյալ խոսքը շարունակելով՝ նա նաև հավելել է․
«Եթե դուք հարցեր ու մեղադրանքներ ունեք, գնացեք, ուրիշ մարդկանց տվեք, ես ասեցի, որ մենք չենք դրա մեղավորը, մենք ամեն ինչ արեցինք, որ այդ իրավիճակը կանխենք։ Այն պահին, երբ որ իրենք որոշեցին դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, որովհետև իրենք որոշեցին լուծարել, և սովորական մարդիկ ստիպված եղան փախչել՝ իրենց կյանքը փրկելու համար, մենք միայն կարող էինք գրկաբաց ընդունել ու հոգ տանել, որ այդ մարդկանց կարիքները բավարարվեն»,- վստահեցրեց նախարարը։