ՀԱՊԿ նիստերին չեք մասնակցում, բայց ուզում եք աջակցություն ցուցաբերվի․ Ագնեսա Խամոյանը՝ Միրզոյանին
ՔաղաքականԱյսօր Ազգային ժողովում ընթանում էր արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես եկավ նման հայտարարությամբ՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին․
«Ի՞նչ ենք մենք ուզում ՀԱՊԿ-ից․ մենք ՀՀ անվտանգությունն ենք ուզում, սա է այն մոտիվացիան, որով մենք անդամակցել ենք այդ կառույցին։ Լավ, քաղաքական տարաձայնությունները մի կողմ, դուք ու՞մ կողմից եք և ու՞մ շահն եք ներկայացնում, իմ հարցը շատ լեգիտիմ է»։
Ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորը հետևյալ կերպ արձագանքեց․
«Պարո՛ն Միրզոյան, ձեզ պետության հետ մի՛ նույնացրեք։ Խոսքը ձեր վարած քաղաքականության մասին է, դադարեցրե՛ք էժան մանիպուլյացիաները, ամեն անգամ մեր հարցադրումներին ի պատասխան հակադարձելով, թե՝ դուք ում շահն եք սպասարկում։ Մենք սպարկում ենք Հայաստանի Հանրապետության շահը և ձեզ շատ պարզ հարցադրումներ ենք տվել՝ պատրաստվու՞մ եք դուրս գալ ՀԱՊԿ-ից, թե՞ ոչ, ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը։ Դուք նիստերին չեք մասնակցում, ոչ մի բանի մասնակցություն չեք ուզում ունենալ, բայց ուզում եք ՀԱՊԿ-ը տեղից շարժվի, աջակցություն ցուցաբերի, ռազմական կամ քաղաքական գնահատական հնչեցնի»,- նման հարցադրում արեց Խամոյանը, որին պատասխանելով՝ ԱԳ նախարարը հակադարձեց․
«Քննարկումներ են եղել, մենք բանակցում ենք, աշխատում ենք, բայց եթե ի վերջո տեսնում ենք, որ պարտավորությունները չեն կատարվում, երևի թե ողջամիտ է մտածել ուրիշ ինչպես կարող ենք այդ հարցերը լուծել»,- նշեց նա։