Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
ՀասարակությունՀայաստանում շրջիկ առևտուրը կկանոնակարգվի նաև մարզերում:
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Տերտերյանը հիշեցրեց, որ ավելի վաղ ընդունված օրենքով Երևանում կանոնակարգել են շրջիկ առևտուրը: Այս օրենսդրական նախաձեռնությամբ փորձում են այս կանոնակարգումները տարածել նաև Հայաստանի մյուս համայնքների վրա:
«Փոփոխություններով բոլոր գործող կարգավորումները կտարածվեն նաև մեր մյուս համայնքների վրա: Թերևս բացառություն կլինի այն պարտադիր պահանջը, որ կար Երևանում՝ շրջիկ առևտրի թույլտվությունները տրամադրել հատուկ կայքի միջոցով»,-ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կանեն, որ այդ թույլտվությունները և շրջիկ առևտրի հետ կապված գործառույթներն իրականացվեն էլեկտրոնային հարթակի միջոցով:
Այսպիսով` նախագծում սահմանվում են, օրինակ, շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները: