ՀՀ-ն չի պատրաստվում իր միջազգայնորեն ճանաչված տարածքից որևէ մեկին զիջել․ վարչապետ
ՔաղաքականՀայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում իր միջազգայնորեն ճանաչված տարածքից որևէ մեկին զիջել։ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի այն դիտարկմանը, թե Ադրբեջանի հետ բանակցություններում հայկական կողմը անընդհատ զիջումների է գնում, սակայն դրա դիմաց ոչինչ չի ստանում, այլ ընդահակառակը՝ Ադրբեջանից մտահոգիչ հայտարարություններ են հնչում։
«Պետք է պարզաբանվի, թե ի՞նչ ենք զիջում։ Եվ էլի եմ ասում և չեմ հոգնի ասել, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ և այն պայմնավորվածությունը, որ արձանագրվել է միջազգային մակարդակում այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչեն։ Սա 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքի ուրվագիծն է։ Սա Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքն է և Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում իր միջազգայնորեն ճանաչված տարածքից որևէ մեկին զիջել։ Կարծում եմ, որ սա պետք է հստակ լինի բոլորի համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքներ կան, որոնք այսօր գտնվում են օկուպացիայի տակ։