Փայտամշակման արտադրամասում և փաստաթղթերում առկա փայտանյութերը տարբեր են եղել
ՀասարակությունՇրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության ներքին անվտանգության վարչության, Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացված տեղեկատվության հիման վրա Տավուշի մարզի Գետահովիտ բնակավայրում գտնվող «Վահագ Ադամյան» ԱՁ-ին պատկանող փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են հաճարենի տեսակի ծառատեսակից պատրաստված 27 հատ գերան և 27 խմ կողահան տախտակ և շինափայտ։ Այս մասին տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
«Շահագործողը ներկայացրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից տրված՝ փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր, սակայն ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև նշյալ անտառտնտեսության աշխատակիցների հավաստմամբ պարզվել է, որ փայտամշակման արտադրամասում հայտնաբերված և փաստաթղթերում առկա փայտանյութերը տարբեր են։
Արտադրամասում եղած փայտանյութի վրա առկա չեն եղել դրանց օրինականությունը հավաստող նշագրումներ (դակիչ մուրճի հետքեր, ներկանյութով նշագրումներ)։
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն»,- ասված է ՇՄՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: