Վրաստանը գործուն քայլերով փորձում է նպաստել ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ Փաշինյան
ՔաղաքականՎրաստանը ոչ միայն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ, այլ նաև գործուն քայլերով փորձում է նպաստել այդ գործընթացին։
Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո հայտարարության ժամանակ։
Փաշինյանը հանդիպմանը Կոբախիձեին է ներկայացրել տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ Հայաստանի ընկալումները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումներն ու ընթացիկ վիճակը։
Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործի իր բաժին պատասխանատվությունը։ Հայաստանն ակնկալում է, որ նույնպիսի մոտեցում կցուցաբերեն նաև մյուս դերակատարները։
«Ընդգծել եմ, որ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում արդեն իսկ հայտնի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակում համաձայնեցված 3 սկզբունքների հիման վրա․ այն է՝ 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչում, Հայաստան–Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացում նույն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ինչպես նաև երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման սկզբունքների շրջանակներում տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ ապահովելով հավասարություն և փոխադարձություն»,–ասաց վարչապետը։
Փաշինյանը հավելեց․ «Մենք գիտենք և տեսնում ենք, որ Վրաստանը ոչ միայն հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ, այլ նաև գործուն քայլերով փորձում է նպաստել այդ գործընթացին, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի մեր գործընկերներին»։