Գյուղերը տարածքային վեճի առարկա չեն. Ադրբեջանի ԱԳՆ
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ ադրբեջանական ԶԼՄ-ներին Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքների համար մեղադրող գրառմանը։
«Պարոն Կլաարը չի կարող ձերբազատվել նախապաշարմունքներից և միայն չարիք է տեսնում ադրբեջանական գյուղերի վերադարձի վերաբերյալ օրինական դիսկուրսի մեջ: Ի գիտություն Ձեզ՝ գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Հաջիզադեն։
Նախօրեին Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են:
«Սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով` համաձայնեցված գործընթացի շրջանակներում»,- X-ի իր միկրոբլոգում գրել էր Կլաարը: