ԵՄ անդամակցության հարց այս փուլում չենք քննարկում․ ԱԺ նախագահ
ՔաղաքականՀայաստանը Եվրամիությանն անդամակցելու հարց այս փուլում չի քննարկում։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպմանը, արդյոք հնարավո՞ր է, որ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցը քննարկվի։
«Ես օրակարգից տեղյակ չեմ։ Եվրամիության անդամակցության հարց այս փուլում չենք քննարկում։ Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ»,- ասաց Սիմոնյանը։
Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։