Գիտնականները պարզել են լավ քնի գաղտնիքը
ԱյլԼոնդոնի Կայսերական քոլեջի և Իսլանդիայի Ռեյկյավիկի համալսարանի գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր մարզվում են, 42%-ով ավելի քիչ են բախվում քնի հետ կապված խնդիրների, քան ոչ այնքան ակտիվ մարդիկ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ (British Medical Journal) Open ամսագրում:
Հետազոտության ընթացքում փորձագետներն ուսումնասիրել են եվրոպական ինը երկրներից 4339 մարդու առողջական վիճակի, ֆիզիկական ակտիվության մակարդակի և քնի որակի վերաբերյալ տվյալները: Փորձի մասնակցիների մոտ կեսը կանայք են եղել: Տեղեկություններ հավաքելուց հետո գիտնականներն սկսել են մշտադիտարկումը, որը տևել է մոտ տասը տարի։
Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում չեն մարզվել, բայց սկսել են մարզվել այդ ժամանակաշրջանում, քնի հետ կապված խնդիրների ռիսկը 21%-ով ավելի ցածր է եղել, քան նստակյաց ապրելակերպ վարող կամավորների մոտ: Նրանք, ովքեր մարզվում էին շաբաթական երկու անգամ, 42%-ով ավելի քիչ էին անքնության նշաններ ցույց տալիս: Նրանք նաև արթնանալու և քնելու հետ կապված դժվարություններ չունեին։
Գիտնականները ենթադրել են, որ այս դրական ազդեցությունը կապված է ֆիզիկական վարժությունների ժամանակ սթրեսի և անհանգստության նվազման հետ: