11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր
ՍպորտԿայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեի հերթական նիստը: Քննության են դրվել Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/2024 թթ. մրցաշրջանի մասնակից 9 ակումբների՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Շիրակ», «Վեստ Արմենիա» և ՀՀ Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող 2 ակումբների՝ «Գանձասար» և «Սյունիք» ֆուտբոլային ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը մեկնարկող Հայաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 թթ. մրցաշրջանին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Արտոնագրման կոմիտեն կայացրել է միաձայն որոշում, ըստ որի՝ Ազգային արտոնագրեր են շնորհվել թեկնածու ակումբներից 11-ին՝ «Ալաշկերտ ՖԱ», «Փյունիկ ՖԱ», «Վան ՖԱ», «Ուրարտու ՖԱ», «Արարատ ՖԱ», «Նոա ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ» «Շիրակ ՖԱ», «ՖԱ Վեստ Արմենիա», «Գանձասար ՖԱ» և «Սյունիք ՖԱ»:
Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները այդ արտոնագիրը ստանալու համար: