ԱՆ-ն անվճար տրամադրում է Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
ՀասարակությունԱնհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել և պացիենտներին ԱՆՎՃԱՐ տրամադրում է Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին:
Հայաստանում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3000 երեխա, որոնցից 153` էքստրեմալ ցածր քաշով (500-1000գ):
Դեղի անվճար տրամադրման շնորհիվ` կապահովվի նորածինների շրջանում ապրելիության աճ, հիվանդանոցային վարակների զարգացման ռիսկի և ինֆեկցիոն բարդությունների նվազում, հիվանդանոցներում մնալու տևողության կրճատում, թերապիայի արդյունավետության որակական բարձրացում:
Դեղով ապահովված են ՀՀ բոլոր ծննդատների և մանկական հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքները: