Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին
ՀասարակությունԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։
Ադրբեջանական ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նստաշրջանում Բայրամովը ելույթով է հանդես գալու, մասնակցելու է մի շարք այլ միջազգային միջոցառումների, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ օտարերկրյա պաշտոնյաների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։
Այսօր Միացյալ Նահանգներ է նաև մեկնել Հայաստանի վարչապետը։ Արդյոք արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս մասնակցելու է նստաշրջանին՝ չի հաղորդվում։
2022-ին վարչապետին Նյու Յորքում նաև արտգործնախարարն էր ուղեկցում, իսկ անցած տարի հենց Արարատ Միրզոյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի ամբիոնից։
Շաբաթվա սկզբին Վաշինգտոնը հայ-ադրբեջանական բանակցություն կազմակերպելու պատրաստակամություն էր հայտնել։ Առիթն էլ կարող էր դառնալ Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը։