«Երազում էի, որ ծնողներս հաշտ լինեն, չլսեմ նրանց վեճերն ու ականատես չլինեմ». DJ Vakcina
Ինքնամփոփ, մեծացած- փոքրացած Արուսը, նրա միակողմանի սերը, որը տևեց 1 դաժան ամառ, ծնողների վեճերն ու ճաշի գդալով գլխին հարվածը, Ամանորի ամենասիրելի նվերը. մանկության ամենատպավորիչ դրվագներն առաջին անգամ Tert.am Life-ին է վստահել DJ Vakcina-ն՝ Արուսիկ Մկրտչյանը:
-Ձեր մանկության երազանքը:
-Մի քանի երազանք ունեի, 1-ինը՝ զբաղվել գիտությամբ ու հասնել մեծ բարձունքների այդ ոլորտում: 2-րդը երազում էի, որ իմ ծնողներն ավելի հաշտ լինեն, երբեք չլսեմ նրանց վեճերը, և ականատես չլինեմ:
-Ամենատպավորիչ նվերը:
-Ամանորի առթիվ ծնողներիս կողմից ստացած փափուկ ու մեծ եղնիկն էր: Շատ սիրուն էր, այդպիսի գեղեցկությամբ եղնիկ հիմա էլ, անգամ խաղալիքների այս մեծ ընտրանու մեջ, ես դեռևս չեմ տեսել: Շատ տպավորիչ էր ինձ համար, մինչև հիմա սիրում եմ այդ խաղալիքը:
-Ձեր առաջին սերը:
-Դեռահասության տարիքում է եղել, բայց եղել է միակողմանի, մի ամառ տևեց այդ միակողմանի սիրահարվածությունը, տխուր ամառ էր: Եվ ես հասկացա, որ միակողմանի սիրահարվածությունը շատ դաժան բան է: Այդ ժամանակ երևի 11 տարեկան էի:
-Դպրոցում ամենաչսիրած առարկան:
-Քիմիան է եղել, հետագայում քիմիա շատ եմ սիրել ու լավ եմ սովորել: Բուհում ամենաբարձր գնահատականներն եմ ստացել: Բայց դպրոցում, երևի ուսուցչի հետ էր կապված, որ ոչ սիրում էի, ոչ էլ կարողանում էի սովորել:
-Ինչպիսի՞ երեխա եք եղել:
-Մեծացած-փոքրացած երեխա եմ եղել, կազմակերպված, պատասխանատու, նաև ինքնամփոփ, շատ եմ սիրել երաժշտություն: Ամենափոքր տարիքից սկսած մեր տանը միշտ հնչել է երաժշտություն: Ես միշտ ակտիվ պարում էի, ու երաժշտությունն իմ հոբին է դարձել հենց փոքր տարիքից:
-Չսիրած ուտելիքը:
-Խաշ: 1 անգամ եմ փորձել և մինչ օրս ատում եմ:
-Մանկության վախերը:
-Ինչպես բոլոր երեխաները, ես էլ մթությունից ու մենակությունից եմ վախեցել:
-Սիրած մուլտֆիլմը:
-«Դե սպասիր»: Հիշում եմ, այդ ժամանակ «Թոմն ու Ջերին» շատ մեծ հայտնիություն ուներ, ու, երբ քրոջս հետ գնում էի Կինո Պիոներ, բոլոր երեխաներն ընտրում էին «Թոմն ու Ջերին», միայն ես էի «Դե սպասիր»-ը դիտում:
-Ամենադաժան պատիժը:
-Մի անգամ, երբ չէի ուզում ուտել, մորս նյարդերը չդիմացավ ու ճաշի գդալով հարվածեց գլխիս: Շատ տպավորիչ էր և դաժան:
-Վատ վարքի համար դպրոցում ծնող կանչե՞լ են:
-Քանի որ հայրս աշխատում էր դպրոցում, դասավանդում էր ֆիզիկա և աստղագիտություն, ծնող կանչելու կարիք երբեք չի եղել: Բացի այդ, պատճառ չի եղել, սովորող և խելացի երեխա եմ եղել:
-Մանկության ամենատպավորիչ դրվագը:
-Մեր բակի երեխաներից մեկը եռաֆազին էր դիպչել ու իմ մոտ ընկերուհին նրան քաշելով փրկեց: Մահանալու ռիսկը շատ մեծ էր, դա ակնթարթ տևեց և հիշում եմ, որ պատշգամբից նայում էի, դա երևի ամենատպավորիչ դրվագն է եղել:
Հեղինակ՝ Անի Մնացականյան