«Comedy Club»-ը չի փակվում․ շոուն պատրաստվում է 20-րդ եթերաշրջանին
«Comedy Club» հումորային շոուն չի փակվում։ Հաղորդման եթերում այս մասին հայտարարել են Գարիկ Խարլամովը և Պավել Վոլյան` նշելով, որ պատրաստվում են 20-րդ եթերաշրջանին։
«Այսօր մենք ձեզ իսկապես կարևոր լուր ենք հայտնում։ Մենք հաստատում ենք, որ «Comedy Club»-ը փակվում է։ Հրաժեշտ հին «Comedy Club»-ին: Եվ բարև, «Comedy Club»-ի նոր՝ 20-րդ եթերաշրջան»,- ասել են նրանք հեռուստաշոուի թողարկման սկզբում։
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին «Գազպրոմ-մեդիա» ընկերությունը (որին պատկանում է ТНТ հեռուստաալիքը) տարածել էր նախագծի կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովի հայտարարությունը, որում ասված էր՝ «Comedy Club»-ը փակվում է։
Սեպտեմբերին «Գազպրոմ մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին ակնարկել էր, որ նախագիծը կվերագործարկվի։ Նա նշել էր, որ Խարլամովը հսկայական թվով նոր գաղափարներ է առաջարկել, որոնք վերաբերում են բեմին, երաժշտությանը, բովանդակության, հին, նոր ռեզիդենտներին, բուն հումորին։
«Comedy Club»-ի առաջին թողարկումը կայացել է 2005 թվականի ապրիլի 23-ին։ Հաղորդումը երկու ՏԷՖԻ–ի է արժանացել։ Տարբեր ժամանակներում շոուի հաղորդավարներ են եղել Գարիկ Մարտիրոսյանը, Պավել Վոլյան, Թիմուր Բատրուտդինովը, Գարիկ Խարլամովը և Անդրեյ Բեբուրիշվիլին։