ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Քաղաքական
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Կողմերը կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում, անդրադարձել աշխարհաքաղաքական զարգացումներին, տարածաշրջանում խաղաղության հաստատման, հաղորդակցությունների ապաշրջափակման, տնտեսական զարգացման հարցերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում եւ Վրաստանում իրականացվող կրթական, սոցիալական բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ:
Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորաշվիլիի հետ:
Հանդիպման ընթացքում գոհունակությամբ է ընդգծվել ակտիվ քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակի փոխայցերի դինամիկան: Քննարկվել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը, տարածաշրջանը որպես տարանցիկ եւ լոգիստիկ կարեւոր հանգույց դարձնելու հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը` այդ հարցում ընդգծելով բարեկամ Վրաստանի աջակցությունը:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Վրաստանում է` մասնակցելու երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ամենամյա համատեղ նիստին` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ եւ պատգամավորներ Լենա Նազարյանի ու Մարիա Կարապետյանի մասնակցությամբ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)