Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը․ դեսպան
Քաղաքական
Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը շարունակում են խորացնել համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտում՝ մասնակցելով Defence Cyber Marvel 2026 զորավարժությանը, որը միավորում է ավելի քան 2500 մասնակից 29 երկրներից
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից հայտնում են, որ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը և ՄԹ Պաշտպանության կցորդ Թոմաս Շորլենդ Բոլը այցելել են զորավարժության վայր, որտեղ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները համատեղ աշխատել են՝ զարգացնելու կիբերպաշտպանության կարողությունները և փոխանակելու մասնագիտական փորձը։
Դեսպանը հանդիպել է Հայաստանի և ՄԹ մասնակիցների հետ, հետևել զորավարժության ընթացքին և քննարկել կիբերդիմակայունության կարևորությունը ներկայիս փոփոխվող անվտանգության միջավայրում։
Ըստ աղբյուրի՝ հայկական կողմից զորավարժությանը մասնակցում էին Պաշտպանության նախարարության, Տեղեկատվական համակարգերի գործակալության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։
«Այսպիսի զորավարժությունները նպաստում են վստահելի գործընկերությունների ձևավորմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և մեր ընդհանուր հանձնառությանը՝ ամրապնդելու անվտանգությունն ու դիմակայունությունը։
Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում զարգացող համագործակցությունը»,-ասված է Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)