ԱՄՆ-ում մաքսատուրքերի շուրջ քաոսը ցնցել է գանձապետական շուկաները
ԱՄՆ
ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը՝ չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մի շարք մաքսատուրքեր, շուկաներին սպասված հանգստություն չբերեց։ Ըստ Reuters-ի՝ որոշումը նոր անորոշություն է մտցրել առևտրային քաղաքականության, պետական պարտքի և դոլարի կայունության շուրջ։ Դատարանը չի անդրադարձել արդեն գանձված մաքսատուրքերի վերադարձի հարցին, ինչը կարող է շուրջ 170 միլիարդ դոլարի բաց թողնել պետական բյուջեում։ Միաժամանակ Թրամփը շտապում է նոր, փոխարինող մաքսատուրքեր սահմանել, ինչը դժգոհություն է առաջացրել Եվրոպայում։
Արժույթի շուկաներում դոլարը թուլացել է՝ հատկապես շվեյցարական ֆրանկի և ճապոնական իենի նկատմամբ, իսկ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը տատանվել է։ Ներդրողները փորձում են գնահատել՝ արդյոք նոր, ավելի ցածր փոխարինող մաքսատուրքերը կթուլացնեն կարճաժամկետ գնաճային ճնշումները, թե՞ երկարաժամկետ կտրվածքով կխորացնեն բյուջետային դեֆիցիտը։ Որոշ վերլուծաբաններ զգուշացնում են, որ հնարավոր վերադարձները կարող են ավելացնել պետական պարտքի թողարկումը և ճնշում գործադրել երկարաժամկետ եկամտաբերությունների վրա։
Կոնգրեսի բյուջետային վարչությունը նախկինում գնահատել էր, որ Թրամփի մաքսատուրքերը կարող էին տարեկան շուրջ 300 միլիարդ դոլար եկամուտ ապահովել։ Այժմ շուկաները կանգնած են եկամուտների և քաղաքականության նոր անորոշության առաջ։ Մինչ մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ պարտքային շուկան խուճապի չի մատնվի, մյուսները նշում են, որ աճող դեֆիցիտը և հնարավոր գնաճային ռիսկերը կարող են նոր լարվածություն ստեղծել ինչպես պարտատոմսերի, այնպես էլ դոլարի համար։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը