Առուշ Առուշանյանին բանտ ուղարկելու վերջին փորձն էլ ձախողվեց․ Դատախազությունը պարտվեց
Իրավունք
Գորիսի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի։ Վճռաբեկ դատարանը մերժել է նրա նկատմամբ սահմանված պատիժը ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ Գլխավոր դատախազության բողոքը։
Դատարանի որոշումն արդեն օրինական ուժի մեջ է մտել։ Այս մասին «Ազատությանը» հայտնել են Վճռաբեկ դատարանից։
Ավելի վաղ Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Առուշանյանի պայմանական պատիժը փոխարինել ազատազրկմամբ, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը։ Դատախազությունը բողոքարկել էր որոշումը նաև Վերաքննիչ դատարանում, որը նույնպես այն թողել էր անփոփոխ։
Առուշանյանը 2022 թվականին ընտրական ենթադրյալ հանցագործությունների դրվագով արդարացվել էր, սակայն մեկ այլ արարքով մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Հաշվի առնելով նախնական կալանքի տակ անցկացրած 8 ամիսը՝ դատարանը վերջնական պատիժ էր սահմանել 6 ամիս ազատազրկում, որը պայմանականորեն չէր կիրառվել։
Վճռաբեկ դատարանի վերջին որոշմամբ դատական գործընթացն այս հարցով, ըստ էության, ավարտվել է։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)